Քրիստոնյայի կյանքի ամենից նշանակալի ժամանակահատվածներից է Մեծ պահքի շրջանը: Այն միշտ էլ կարևորվել է կրոնական կյանքում: Եվ առաջին հերթին վերաբերում է բարոյական վիճակի վերագնահատմանը, որովհետև պահքը ենթադրում է կյանքի փոփոխություն: Եթե այդ ընթացքում փոփոխություն չենք կրում մեր էության մեջ, պահեցողությունը մեծ արժեք չի ունենում: Ինչպես արևի ճառագայթներից հալչում է ձյունը, կոտրվում է սառույցի կարծրությունը, ձնծաղիկներն իրենց նրբալույս հեզությամբ ու խոնարհությամբ վեր են հառնում և գարնան, կյանքի վերածնունդը խորհրդանշում, այդպես էլ Մեծ պահքի ընթացքում պետք է կոտրվի, հալչի սրտի կարծրությունը, որպեսզի խոնարհության, հեզության ճառագայթները հորդեն մարդու սիրտն ու հոգին և ջերմացնեն: Պահեցողությունը գեղեցկացնում է հոգին, բյուրեղացնում, ազատագրում կախվածություններից ու կապվածություններից, որոնք մարդուն ենթակա են դարձնում իրերին և մեղքի մատնում: Առաքյալն ասում է. «Եղբայրնե՛ր, դուք կոչված եք ազատության, միայն թե ձեր ազատությունը սոսկ մարմնի ցանկությունների համար չլինի, այլ սիրով ծառայեցեք միմյանց» (Գաղ. 5.13): Ավետարանը վկայակոչում է` երանի՜ հոգով աղքատներին (Մատթ. 5.3): Պահքի միջոցով մարդ դառնում է «հոգով աղքատ», հրաժարվում հարուստ «ես»-ից և իր հոգին ազատում է աշխարհային աղմուկից: Այնուհետև տիրում է աստվածային լռությունը, անբիծ պարզությունը նրա սրտում: Այս ընթացքում մենք պետք է աշխատենք փոխել մեր բնավորության, սովորությունների թերի կողմերը: Պահքը վերընձյուղում է մեր կամքի հաղորդակցությունն աստվածային կամքի հետ: Մեծ հոգևոր պտուղներ է տալիս, երբ շաղկապված է ապաշխարության և գոհաբանության հետ: Մարդիկ պետք է կենտրոնանան հոգևոր պտուղներ ձեռք բերելու վրա՝ սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն (Գաղ. 5.22-24), այլ ոչ թե ջանադրաբար օրենքի տառացի կատարումն իրականացնեն, ինչպես հրեաները: Նրանք, օրենքը տառացիորեն կատարելով, պահում էին պահք, ծոմապահություն, և նրանց համար խորթ էին Հիսուս Քրիստոսի մոտեցումն ու վերաբերմունքն օրենքի, պահեցության վերաբերյալ, երբ ասում էր, թե օրենքն է մարդու համար, այլ ոչ թե մարդն օրենքի համար (Մարկ. 2.23-28): Հաճախ պահեցողության մեջ գտնվողները դառնում են օրենքին գերի: Պահքը համարում նպատակ, այլ ոչ թե միջոց: Իսկ մյուսների համար այն լոկ շահեկան մի ժամանցային իրավիճակ է, պարզապես առողջությունը բարելավելու ազդակ` մարմինն ավելի շլացուցիչ դարձնելու, որպեսզի իրենց անձն ավելի փառաբանված լինի մարդկանց կողմից այս աշխարհում: Հիսուս վերականգնում է օրենքի ոգին: Պահքը ծառայում է մարդու հոգու վերազարթոնքի, վերանորոգման, սրտի մաքրության համար: Այն կենդանացնում է հոգին, երբ մեր սրտերից արտաքսում ենք մեղքը: Պահքի էությունն այն է, որ մարդիկ պահեցողության միջոցով իրենց սրտերն ու հոգիները զատեն մեղքերից և հեռացնեն դրանք: Հիսուս ասում է. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5.8): Պատահական չէ, որ բուն Բարեկենդանից հետո հաջորդ կիրակին նշվում է որպես Արտաքսման կիրակի: Մենք գիտենք, որ այն հիշատակությունն է Ադամի և Եվայի արտաքսմանը դրախտից: Մեղավոր դարձած էակն այլևս չէր կարող մնալ աստվածային լույսի, սրբության մեջ, քանի որ կայրվեր, ինչպես ծղոտը կրակին մոտենալիս: Սրբությանն անհամատեղելի է մեղքը, ուստի Ադամն ու Եվան պիտի հեռանային Եդեմի պարտեզից: Արտաքսման կիրակին մեզ ոգեկոչում է, որ մենք հեռանանք մեղքից: Առաջին մարդիկ չպահեցին փոքրիկ պահեցության պատվիրանը և կերան պտուղից, իսկ այժմ պահքը խորհրդանշում և օգնում է վերահաստատելու մեր հավատարմությունն Աստծո հանդեպ, կամային ուժ տալիս մեր հոգիներից արտաքսելու մեղավոր սովորույթները, այնուհետև փոխելու մեր էությունը դեպի կատարյալ լույսը: Բայց նշենք, որ խավարի հրեշտակները ո՛չ ուտում են, ո՛չ էլ խմում, այսինքն՝ այլ խոսքով հարատև պահքի մեջ են, սակայն մշտապես չարիք են գործում: ՈՒստի, ինքդ քեզ պետք է հարց տաս, ինքնաանդրադարձ կատարես, արդյոք ի՞նչ դիտավորությամբ ես պահք պահում, ի՞նչ իմաստ ու նշանակություն ես տեսնում այդ ամենի մեջ, այսինքն՝ սոսկ արտաքին օրենքի կատարո՞ւմ՝ պարզապես հրաժարում ինչ-ինչ կերակուրներից, թե՞ հրաժարում մեղքից՝ նորոգելով միտքդ ու հոգիդ, զարդարելով առաքինություններով, ինչպես սբ. Պողոս առաքյալն է նշում. «Ձեր մտքի նորոգությամբ նորոգվեցեք» (Հռոմ. 12.2): Հավատացյալը պետք է զգույշ լինի, որպեսզի պահք պահելու պատճառով չընկնի անտեսանելի հոգևոր հպարտության մեջ՝ լինելով քննամոլ, ձևամոլ, խստասիրտ ու դժգոհ: Ավետարանում կարդում ենք, թե ինչպես է Հիսուս բացահայտում ցուցամոլ հրեաներին. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար. և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6.16-18): Այդուամենայնիվ, այսօր աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր ընդհանրապես են հրաժարվել կենդանական ծագում ունեցող կերակուրներից, սակայն ամենևին կապ չունեն Քրիստոսի և քրիստոնեական կյանքի հետ: Մի կողմից` կարող ես լսել քննադատություններ նրանց հանդեպ, ովքեր պահք չեն պահում ու չեն առաջնորդվում եկեղեցական կանոններով: Մյուս կողմից` կարող ես լսել հակառակ կողմին, թե ինչպես են անլուրջ, թերահավատ վերաբերմունք ցուցաբերում պահեցողության հետևողների նկատմամբ: Աստվածային հաղորդակցության մեջ գտնվող մարդը ո՛չ դատապարտում է նրան, թե ով է պահք պահում, ո՛չ էլ նրան, թե ով չի պահում: Դատապարտումը միշտ ծնում է ագրեսիա: Իսկ ամեն ագրեսիա իր հետ բերում է ավերում, կործանում և վերջում ինքնաոչնչացում... Պահքը պատգամ է մարդուն, որ հաղորդակից լինենք աստվածային բնությանը, հեռու մնանք այս աշխարհի ցանկություններից և ապականություններից (Բ Պետր. 1.4): Այն հրաժարում է խավարից: Գեղեցիկ բազմագույն ծաղիկները գիշերվա խավարի մեջ ամփոփվում են իրենց կոկոններում ու պատսպարվում, իսկ առավոտյան լույսի գալստյան հետ կրկին բացվում, հիացմունք պատճառում, այդպես էլ մարդու հոգին պահքի միջոցով կարիք ունի երբեմն ամփոփվելու հոգևոր կյանքի մեջ` հրաժարվելով աշխարհի հաճույքներից, պատսպարվելու խավարից, մեղքից և առաքինությունների լույսից հոգեզմայլ ծաղիկների նման ծաղկելու: Երփնավառ գույների հրաշքը մեր կյանքում հոգևոր պտուղներն են, որոնք ավելի են բազմապատկվում, երբ պահքի իմաստը ճիշտ ենք արժևորում: Արդ, թեև մեր արտաքին մարդը ժամանակի մեջ քայքայվում է, բայց մեր ներքին մարդը օրըստօրե նորոգվում ու բարեզարդվում է երկնային անսահման հորիզոնների բազմագույն ուրվագծերի ներքո (Բ Կորնթ. 4.16-18):
Հրապարակման պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ